Պլանկ Մաքս կարլ

Մաքս Պլանկը 1874–77 թթ-ին սովորել է Մյունխենի, 1877–78 թթ-ին՝ Բեռլինի համալսարաններում: 1885 թ-ից եղել է Քիլի, 1889 թ-ից՝ Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1894 թ-ին ընտրվել է Բեռլինի, 1926 թ-ին` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների, 1926 թ-ին՝ նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: 1930–37 թթ-ին նա եղել է Վիլհելմ կայսրի (1948 թ-ից՝ Մ. Պլանկի անվան) ընկերության նախագահը: 

Պլանկի հետազոտությունները նվիրված են թերմոդինամիկայում էնտրոպիայի և անշրջելիության հասկացությունների ճշտմանը, թերմոդինամիկայի 2-րդ սկզբունքի հիմնավորմանը: Գերմանացի ֆիզիկոս և քիմիկոս Վ. Նեռնստի մշակած էլեկտրոլիտների տեսության հիման վրա Պլանկը հաշվել է 2 էլեկտրոլիտային լուծույթների պոտենցիալների տարբերությունը:

Նա ներմուծել է ճառագայթման քվանտային բնույթի գաղափարը, որի համաձայն՝ ճառագայթումն արձակվում և կլանվում է վերջավոր բաժիններով՝ քվանտներով, իսկ քվանտի էներգիան՝ E = hn, որտեղ n-ն ճառագայթման հաճախականությունն է, h-ը՝ գործողության քվանտը կամ Պլանկի հաստատունը: Հիմնվելով քվանտի գաղափարի վրա՝ Պլանկը արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխումը՝ կախված ջերմաստիճանից, որը հայտնի է որպես Պլանկի ճառագայթման օրենք:

1900 թ-ի դեկտեմբերի 14-ը, երբ Պլանկը ֆիզիկայի գերմանական ընկերությունում զեկուցում է կարդացել տեսականորեն արտածված ճառագայթման օրենքի մասին, համարվում է քվանտային տեսության ծննդյան օրը: Այդ հայտնագործության համար Մաքս Պլանկը 1918 թ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:

Մեծ նշանակություն ունեն նաև Պլանկի՝ հարաբերականության տեսությանը նվիրված աշխատանքները: Նա արտածել է ռելյատիվիստական դինամիկայի հավասարումները և ստացել էլեկտրոնի էներգիայի և իմպուլսի կապի բանաձևը, հարաբերականության հատուկ տեսության շրջանակներում ընդհանրացրել է թերմոդինամիկայի տեսությունը:

Ֆիզիկայի գերմանական ընկերությունը սահմանել է Մաքս Պլանկի անվան ոսկե մեդալ:

Запись опубликована в рубрике Ֆիզիկա. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий